Նորզելանդական կղզում հրաբուխ է ժայթքել. ժայթքման պահին խառնարանի տարածքում զբոսաշրջիկներ են գտնվել (տեսանյութեր)

10:29 • 09.12.19

Նորզելանդական Ուայթ Այլենդ կղզում տեղի է ունեցել հրաբխի ժայթքում, ինչի հետևանքով զոհվել է մեկ զբոսաշրջիկ, մինչդեռ վիրավորները 20-ից ավելի են, հայտնում է The Guardian-ը:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Հայտնի է, որ ժայթքումը տեղի է ունեցել այն պահին, երբ զբոսաշրջիկները գտնվել են խառնարանի տարածքում:

Daily Mail պարբերականը հրապարակել է ժայթքման տեսանյութը, որում լսվում է զբոսաշրջիկների խուճապահար ձայնը:

Ընդհանուր առմամբ, կղզուց տարհանվել է 23 մարդ, սակայն իշխանությունները չեն կարող ասել՝ քանիսն են մնացել Ուայթ Այլենդում: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Մասնագետները նախազգուշացրել են, որ հրաբուխը կարող է հաջորդ 24 ժամվա ընթացքում կրկին ժայթքել:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ ժայթքման պահին կղզում մոտ 100 մարդ է եղել: