Ճանապարհային երթևեկության բալային համակարգում հաշվի առնված չէ տրանսպորտային միջոցով աշխատողների գործոնը. փորձագետ

18:53 • 10.12.19

Ճանապարհային երթևեկության բալային համակարգի ներդրումը դրական դեր կարող է խաղալ վարորդների զգոնության բարձրացման տեսանկյունից, բայց ողջ բնակչության համար մի շարք նոր խնդիրներ է ենթադրում, այդ թվում՝ ֆինանսական: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ մեկնաբանելով Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

«Համակարգի համաչափ կիրառումը վարորդական վկայական ունեցող բոլոր քաղաքացիների նկատմամբ սոցիալական նոր ճեղքեր է բացում, քանի որ չկա տարանջատում՝ օրվա մեջ մի քանի ժամ և ամբողջ օրը երթևեկող վարորդների միջև»,-ասել է նա:

Փորձագետը պնդում է՝ լավ կլիներ ներդրվող համակարգում տարանջատում մտցվեր վարորդների միջև. «Մի բան է, երբ տրանսպորտային միջոցը մարդու համար զուտ փոխադրամիջոց է, մեկ այլ բան, երբ ծառայեցվում է աշխատանքին: Հայաստանում շատ են տաքսու վարորդները, որոնց համար դա եկամուտների ստացման միակ աղբյուրն է: Այդ մարդիկ առավոտից միչև ուշ երեկո մեքենայի ղեկին են, ուստի տարատեսակ խախտումներ կատարելու հավանականությունը նրանց մոտ ավելի մեծ է»:

Ամիրխանյանի կարծիքով՝ այս պարագայում այն փաստը, որ որոշ տուգանքների չափը փոքրացվել է, հնարավոր է շատ մեծ դեր չունենա, որովհետև անընդհատ երթևեկող վարորդի մոտ ավելի հավանական է շատ մանր խախտումներով բալեր կորցնելը, քան մեկ մեծ խախտումով մեծ տուգանք վճարելը:

«Այդ մարդիկ զրկվում են եկամուտների իրենց աղբյուրից: Սա իր հերթին չի կարող բացասական ազդեցություն չունենալ տնտեսական ակտիվության ցուցանիշի և հանրային տրամադրությունների վրա՝ գլոբալ իմաստով»,- ասել է նա:

Լիլիա Ամիրխանյանի կարծիքով՝ բացի նշված խնդիրը, կա մեկ այլ խնդիր ևս. այս համակարգի ներդրումը չի արվում ինչ–որ այլ բանի փոխարեն: Սա, ըստ էության, ի հավելումն է գործող բոլոր պատժամիջոցների, այսինքն՝ լրացուցիչ բեռ է հանրության համար: «Հիշենք մի քանի ամիս առաջ անհատ տաքսու վարորդներին Երևանում 8000  և մարզերում 12000 դրամ պարտադիր վճարներից ազատելու փաստը: Այս համակարգով, ստացվում է, որ տրված արտոնությունը կկորցնի իր դրական էֆեկտը բոլոր այն հավանական դեպքերում, երբ ինչ-որ պահից վարորդը զրկվի գումար աշխատելու հնարավորությունից: Այս քաղաքականությունը, կարծես, դառնում է ձեռագիր»,- նշում է Ամիրխանյանը:

«Եվ, ի վերջո, կա խնդրի այլ կողմ ևս՝ միջազգային փորձի կիրառության հետ կապված: Արդյո՞ք զարգացած երկրների փորձի ուղղակի ներդրումը մեզ համար արդարացված է: Հաշվի առնվա՞ծ են ճանապարհային երթևեկության այն խնդիրները, որոնք այսօր կան մայրաքաղաքում, հաշվի առնվա՞ծ են զբաղվածության խնդիրները. վարորդական վկայականից կես կամ մեկ տարով զրկված տաքսու վարորդին ինչպե՞ս հետ պահել արտագնա աշխատանքից»,- ասել է նա:

Փորձագետի պնդմամբ՝ սրանք հարցեր են, որոնք համակարգի գործարկումից հետո ստիպելու են գտնել լուծումներ. «Լավ կլիներ՝ համակարգին անցումն իրականացվեր փուլերով և հընթացս նաև գտնվեին տարատեսակ խնդիրների լուծումները: Մինչդեռ կրկին գործ ունենք շտապողականության հետ»,- ամփոփեց Լիլիա Ամիրխանյանը: