Մթնոլորտը լարված է, հայհոյանքները՝ համատարած, ատելության խոսքը չտարածելու հարցում ԶԼՄ–ները պետք է նաև ինքնակարգավորվեն. Վահագն Թևոսյան (տեսանյութ)
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագծում, եթե ականներ լինեն, ապա կտեսնեք և կականազերծենք: Այս մասին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագծի վերաբերյալ քննարկմանն ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ՀՀ ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը:
Անդրադառնալով Tert.am-ի հարցին թե ինչպիսի կարգավորումներ կարող են լինել լրատվամիջոցների համար՝ կապված ատելության խոսքի հետ, քանի որ այն կարող է ազդեցություն ունենալ լրատվամիջոցների ազատության վրա, Վահագն Թևոսյանն ասաց.
«Լրատվամիջոցների նկատմամբ կա նաև անվստահության մթնոլորտ, որը շատ ավելի վտանգավոր է: Ես վատ եմ վերաբերվում նրան, որ լրատվամիջոցներն անվստահության մթնոլորտ են ստեղծում: Ցանկացած իշխանություն՝ նույնիսկ արմատներին կառչած իշխանություն, փոփոխական է, ինչպես տեսանք և ինչ-որ բան հարմարեցնելու և կոմֆորտի մեջ հայտնվելու իմաստը այս պահին չեմ տեսնում, որովհետև անհեռատես, անհեռանկար գործողություն է»,- նշեց նա:
Վահագն Թևոսյանի խոսքով՝ պետք է ինստիտուցիոնալ հարաբերությունները սահմանել այնպես, որ յուրաքանչյուր պարագայում, իշխանության յուրաքանչյուր փոփոխության պարագայում, դրանք այնքան ամուր հիմքերի վրա դրված լինեն, որ մեկը մյուսի նկատմամբ չկարողանան որոշակի ոտնձգություն իրականացնել:
Անդրադառնալով Tert.am-ի մեկ այլ հարցի, թե ինչպիսի կարգավորումներ են նաև անհրաժեշտ ԶԼՄ-ներում ամենաբարձր պաշտոնյանների մակարդակով հնչեցրած ատելության խոսքը տարածելու հետ կապված, Վահագն Թևոսյանն ասաց, որ դա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործն է, իսկ թե այս պահին ինչպես է այդ գործառույթը հանձնաժողովը իրականացնում Վահագն Թևոսյանը չասաց։
«Ատելության խոսքի հարցը միջազգային նորմերով կարգավորված է։ Այդ կապակցությամբ մենք մի քանի կոնվենցիաներ էլ ունենք ստորագրած. դա պետք է լինի կարգավորող մարմնի խնդիրը: Սրան զուգահեռ մենք նաև ինքնակարգավորման ուղղությամբ ենք շատ ուզում աշխատել հիմա»,– ասաց նա՝ ավելացնելով, որ եթե քաղաքական գործիչներն ատելության խոսք են հնչեցնում, ապա մեդիան պետք է զերծ մնա դրանից։
Վահագն Թևոսյանը նաև ասաց, որ մթնոլորտը լարված է, հայհոյանքը համատարած է: «Եթե քաղաքական գործիչն ինչ-որ տեղ ինչ-որ բաներ կարող է իրեն թույլ տալ, բաներ կան, որ լրատվամիջոցը հակառակը պիտի անի, իսկ հիմա հակառակ վիճակներ են, և բոլորը ոնց ուզում՝ իրար հետ խոսում են և դա նորմալ չէ»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։










