Ice Bucket Challenge ֆլեշմոբին սկիզբ դրած տղամարդը հեռացել է կյանքից 34 տարեկան հասակում
Ամերիկացի Փիթ Ֆրեյթսը, որը ոգեշնչել է ստեղծել Ice Bucket Challenge ֆլեշմոբը, մահացել է:
Այս մասին տեղեկացնում է BBC News-ը՝ նշելով, որ քոլեջի բեյսբոլի նախկին աստղը պայքարում էր Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի դեմ: Հիվանդությունը նրա մոտ ախտորոշվել էր 2012-ին, երբ նա 27 տարեկան էր:
Հաղորդվում է, որ նա կյանքից հեռացել է երկուշաբթի 34 տարեկան հասակում:
Հիշեցնենք, որ Ice Bucket Challenge ակցիան տարածվել էր 2014 թվականին: Ակցիային կամ ֆլեշմոբին միացած հազարավոր մարդիկ ողջ աշխարհից տեսանյութեր էին տարածում համացանցում՝ ցույց տալով, թե ինչպես են սառցաջուր լցնում իրենց վրա և մարտահրավերներ նետում այլ մարդկանց՝ նույնն անելու:
Ակցիան օգնել է խոշոր ծավալի նվիրատվություններ հավաքել և ֆինանսավորել Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության շուրջ կատարվող ուսումնասիրությունները:










