Օսլոյում Եթովպիայի վարչապետին է հանձնվել 2019-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը

18:55 • 10.12.19

Խաղաղության Նոբելյան մրցանակի 2019 թվականի դափնեկիր, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին հանձնել են իր մրցանակը: Երեքշաբթի կայացած արարողությունը, որին ներկա էին նորվեգական թագավորական ընտանիքն ու կառավարության անդամները, ավանդույթի համաձայն, անցկացվել է Օսլոյի քաղաքապետարանի շենքում:

Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, կարմիր ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված բեմում Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի նախագահ Բերիտ Ռայս Անդերսենը Եթովպիայի վարչապետին է հանձնել մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի պատկերով ոսկե մեդալը և վկայականը:

Աբիյը մրցանակին արժանացել է «Էրիթրեայի հետ 1998-2018 թվականներին ձգված սահմանային հակամարտության կարգավորման հարցով» նախաձեռնության համար:

Շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելի վերջին կամքի համաձայն՝ խաղաղության մրցանակը, ի տարբերություն իր անունը կրող մյուս մրցանակների, հանձնվում է Օսլոյում: Նոբելի կտակի համաձայն՝ խաղաղության մրցանակի շնորհման որոշումը պետք է կայացնի 5 մարդուց կազմված հանձնաժողովը, որոնց նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը: Հանձնաժողովում պետք է ընդգրկվեն քաղաքականության ոլորտի վաստակավոր գործիչներ և երկրի կուսակցությունների նախկին ղեկավարներ: