«Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացին Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն է եղել». Պուտին
2019 թվականի օգոստոսին Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացին Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն է եղել: Այդ մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նա Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն էր»,- նշել է պետության ղեկավարը:
Պուտինը հիշեցրել է նաև, որ սպանվածը Կովկասում մասնակցել է մարտական գործողությունների` հանդես գալով անջատողականների կողմից, և գտնվել է հետախուզման մեջ:
«Նա շատ դաժան ու արյունոտ մարդ էր: Իր մասնակցած գործողություններից միայն մեկի ժամանակ իր կողմից 98 մարդ է սպանվել»,- ասել է նա:
«Չգիտեմ` ինչ է եղել նրա հետ: Դա հանցավոր միջավայր է, և այնտեղ կարող է ցանկացած բան տեղի ունենալ»,- նշել է ՌԴ նախագահը:
Վրաստանի 40-ամյա քաղաքացին սպանվել է օգոստոսի 23-ին: Նույն օրը Բեռլինի դատախազությունը հայտնել է կասկածյալի ձերբակալման մասին, որը, ըստ դատախազության, ՌԴ 49-ամյա քաղաքացի է: Վրաստանի քաղաքացու սպանության գործի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով Գերմանիայից երկու ռուս դիվանագետ է արտաքսվել:










