ԱՄՆ-ի 2020 թվականի ռազմական բյուջեն արգելում է F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային

14:42 • 10.12.19

ԱՄՆ Կոնգրեսում համաձայնեցված 2020 թվականի ռազմական բյուջեն արգելում է ամերիկյան F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով հրապարակված փաստաթղթին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Սենատի ռազմական գործերով հանձնաժողովները համաձայնեցրել են 2020 թվականի ռազմական բյուջեն: Բյուջեն դեռևս պետք է ներկայացվի քվեարկության: Ընդունվելուց հետո, այն պետք է ներկայացվի նաև ԱՄՆ նախագահի ստորագրությանը:

«Արգելվում է F-35 փոխանցել Թուրքիային»,-ասված է հրապարակված փաստաթղթում:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը շատ կարևոր գործարք է, որը ներառվում է ամերիկյան CAATSA օրենքում, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: 

Հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին: