Շատ ուրախ եմ, որ բոլորիս ջանքերով կարողացանք կասեցնել եթերում միայն Հանրային հեռուստատեսությունը թողնելու ոչ տրամաբանական քայլը․ Աղասի Ենոքյան (տեսանյութ)
«Հեռուստատեսության և ռադիոյի» մասին նոր օրենքում պետք է կարևոր լինի խոսքի ազատության ապահովումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծի սկզբունքների մասին քննարկմանն ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, որ հեռուստատեսությունները ամբողջովին չեն վերահսկվում իշխանության կողմից։ Աղասի Ենոքյանը նշեց, որ արդյունքում «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին նոր նախագիծ առաջարկվեց։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավարը նշեց, որ այդ նախագծի էությամբ բոլոր հեռուստատեսությունները պետք է եթերից դուրս գային, և մնար միայն Հանրային հեռուստատեսությունը։
«Շատ ուրախ եմ, որ բոլորիս ջանքերով կարողացանք կասեցնել այդ ոչ այդքան տրամաբանական քայլը, և պետք է մտածել, թե ինչ սկզբունքներ պետք է լինեն նոր օրենքի հիմքում»,- ասաց Ենոքյանը։
Նրա խոսքով՝ «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին նոր օրենքում պետք է գոնե 2 սկզբունք լինի․ առաջին ամենակարևորը՝ խոսքի ազատությունը հնարավորինս ապահովելը, երկրորդը՝ հեռուստատեսությունները և ռադիոները պետք է մնան՝ որպես բիզնես»։
Հիշեցնենք, որ լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու Երևանի մամուլի ակումբը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ են մշակել:
Առաջարկվում է հրաժարվել լիցենզավորման գորընթացից՝ այն փոխարինելով ավտորիզացիայով: Նախագծով առաջարկվում է տարանջատել հանրային և մասնավոր հեռարձակողներին:
Մասնավորապես՝ հնարավորություն տալ մասնավորներին սեփական մուլտիպլեքսներ ունենալ՝ հեռարձակման թվային ցանցեր:
Նոր նախագիծը մշակողների խոսքով, ներկայի օրենքն անբարենպաստ է մասնավոր թվային ցանց գործարկելու համար, հետևաբար բոլոր հեռարձակողները կենտրոնանում են մեկ պետական թվային ցանցում։










