Չեխիայի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգությունից
Չեխիայի Օստավա հիվանդանոցում զինված հարձակման հեղինակ դարձած տղամարդը նպատակաուղղված կրակել է այցելուների ուղղությամբ և վերալիցքավորել է ատրճանակը 10-ից 15 վայրկյանների ընթացքում: Այս մասին հայտնել է RT-ն՝ հղում տալով ոստիկանությանը:
Նշվում է, որ ոստիկանները հիվանդանոց են հասել դեպքից 3 րոպե անց, սակայն չարագործն արդեն հեռացած է եղել:
Հիշեցնենք, որ Չեխական Օստրավա քաղաքի համալսարանական հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել: Մորավսկոսիլեզսկի երկրամասի (այստեղ է գտնվում Օստրավա քաղաքը) ղեկավար Իվո Վոնդրակը տեղեկացրել է 6 զոհի մասին:
Կրակը բացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 7-ի սահմաններում, վնասվածքաբանության բաժանմունքում:
Հարձակում գործած անձը թաքնվել է, հարձակման պատճառներն անհայտ են: Ոստիկանությունը հրապարակել է հանցագործի լուսանկարը՝ խնդրելով օգնել որոնողական աշխատանքներում:
Օստրավայում կատարված հարձակումը դարձել է երկրորդ ամենախոշոր զանգվածային սպանությունը Չեխիայի ժամանակակից պատմության մեջ:










