ԱՄՆ իշխանությունները ավիացիա ուսումնասիրող սաուդցի ուսանողներին արգելել են երկրում թռիչքներ իրականացնել

02:51 • 11.12.19

ԱՄՆ իշխանություններն արգելել են Սաուդյան Արաբիայից ավելի քան 300 ուսանողների կողմից թռիչքներ կատարել, որոնք երկրում ավիացիա են ուսումնասիրում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ ԱՄՆ Ռազմաօդային ուժերի լեյտենանտ Անդրիանու Ջենուալդին:

Նա հայտնել է, որ անվտանգության նկատառումներով երկուշաբթի դադարեցվել է սաուդցի ուսանողների կողմից թռիչքների իրականացումը: Լեյտենանտը նաև հավելել է, որ թռիչքների արգելքը վերաբերում է նաև 3 ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ Ֆլորիդա նահանգում գտնվող ԱՄՆ ՌՕՈՒ Պենսակոլա և Մեյպորտ ավիաբազաներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պենսակոլա ավիաբազայում տեղի ունեցած հրաձգության հեղինակը Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի զինծառայող է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է նահանգապետ Ռոն Դեսանտիսը:

Նահանգապետի խոսքով՝ սաուդցին ուսումնառում էր ավիաբազայում: Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրեն զանգահարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը և հրաձգության հետ կապված իր ցավակցությունը հայտնել: