ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև մեծ կռիվ է գնում, որի մեջ մեր խնդիրներն առաջ ենք տանում և շահում. Էդմոն Մարուքյանը՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

18:00 • 13.12.19

Հայոց ցեղասպանության՝ առաջադեմ երկրների կողմից ընդունումն իր ազդեցությունն է ունենում Թուրքիայում կարծիքի ձևավորման վրա, և թուրքական հասարակությունում սկսում են առաջ գալ քննարկումներ ու բանավեճեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

«Բոլոր նախկին փորձերը հանձնաժողովից այն կողմ չեն անցել և վիժեցվել են, այս առումով շատ կարևոր է, որ ԱՄՆ օրենսդիր մարմինն ամբողջությամբ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, թե այժմ մնում է, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը հետևի օրենսդիր իշխանության կամքին:

«Դա, կարծում եմ, ժամանակի հարց է, բայց ԱՄՆ Սենատի կողմից բանաձևի ընդունումը շատ կարևոր խթան կարող է հանդիսանալ աշխարհի մյուս երկրներում, տարբեր պառլամենտներում սկսված և դեռևս ավարտին չհասցված նմանատիպ բանաձևերի ընդունման գործին»,-ասաց պատգամավորը՝ նշելով նաև, թե բանաձևի ընդունման հետևանքը միանշանակ քաղաքական է:

Անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ նախագահի ընտրությունների մոտենալը կարո՞ղ է պատճառ հանդիսանալ, որ նախագահ Դոնալդ Թրամփն օգտագործի «ցեղասպանություն» եզրույթը, Մարուքյանն ասաց.

«Թրամփն այն նախագահն է, որը երբեք չի խոսել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, բայց նրա օրոք ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. սա հետաքրքիր հանգամանք է, իսկ նախագահի մնացած թեկնածուների հայտարարությունները, որոնք խոստանում են, թե կընդունեն Հայոց ցեղասպանությունը և կճանաչեն, այլևս այնքան էլ զորեղ չեն, որքան ժամանակին էին»:

Պատգամավորը նշեց նաև, թե բանաձևի ընդունման համար կարևոր էին նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն ու վերջինիս պահվածքը: «Նաև Թուրքիայի պահվածքով են պայմանավորված մեր հաջողություններն ԱՄՆ Կոնգրեսում: Մեծ կռիվ է գնում, որի մեջ մեր խնդիրներն առաջ ենք տանում և, բնականաբար, շահում ենք»,-ասաց Էդմոն Մարուքյանը: