Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը

00:07 • 13.12.19

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին S.Res. 150 բանաձևի ընդունումը, որը նախաձեռնել էին սենատորներ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական Թեդ Քրուզը:

«Ամերիկայի հայկական համագումարը գովաբանում է սենատորներ Ռոբերտ Մենենդեսին և Թեդ Քրուզին, որոնք շարունակել են անվախ և համառորեն առաջ շարժվել՝ ապահովելու S.Res. 150 բանաձևի միաձայն ընդունումը, որն անմիջականորեն հաստատում է Հայոց ցեղասպանության արձանագրումը ԱՄՆ-ի կողմից, խրախուսում է ցեղասպանության մասին ուսուցանումը և պայքարում է ժխտողականության դեմ»,- հայտարարել է համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Նա հավելել է, որ այս օրինագծի ընդունումը ներկա պահին հատկապես հատկանշանակն է, քանի որ այս շաբաթ նշվում է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ստորագրման տարեդարձը, ինչպես նաև Մարդու իրավունքների օրը: