ԵՄ առաջնորդներն ավելի քան 6 ժամ վիճաբանում են կլիմայի ռազմավարության շուրջ և չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ

02:11 • 13.12.19

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարներն ավելի քան 6 ժամ փորձում են համաձայնության գալ մինչև 2050 թ.-ի կլիմայի հարցով համայնքային ռազմավարության շուրջ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Բրյուսելում ընթացող գագաթնաժողովին մասնակից պետություններից մեկի պատվիրակության անդամի:

«Կլիմայի հարցով փոխհամաձայնություն դեռևս չի երևում: Անդամ երկրների միջև դեռևս լուրջ անհամաձայնություններ կան այդ հարցում»,- ասել է աղբյուրը լրատվամիջոցի թղթակցին:

Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ գլխավոր անհամաձայնություններից մեկը կապված է ատոմային էներգետիկայի հետ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս հարցում տարբեր դիրքորոշումներ ունեն:

Այսպես, ֆրանսիացի առաջնորդն, ի աջակցություն Չեխիայի, պնդում է, որ ատոմը էներգիայի ածխածնային չեզոք աղբյուր է, և յուրաքանչյուր երկիր պետք է ազատ լինի այս հարցի վերաբերյալ իր ընտրության մեջ: Գերմանիան, Լյուքսեմբուրգը և Ավստրիան հակառակ տեսակետն են հայտնում:

Նշվում է, որ ԵՄ ներկայիս գագաթնաժողովում կլիման գլխավոր թեմաներից մեկն է: