Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները

04:49 • 13.12.19

Եվրամիության դեկտեմբերի 12-ի գագաթնաժողովում որոշում է կայացվել Ռուսաստանի դեմ եվրոպական տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին: 

«Պատժամիջոցները երկարաձգվել են»,- գրում է РИА Новости-ն՝ հղում տալով դիվանագիտական աղբյուրի:

Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովին քննարկվող գլխավոր հարցերից մեկը վերաբերում էր կլիմային: Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարներն ավելի քան 6 ժամ փորձում են համաձայնության գալ մինչև 2050 թ.-ի կլիմայի հարցով համայնքային ռազմավարության շուրջ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Բրյուսելում ընթացող գագաթնաժողովին մասնակից պետություններից մեկի պատվիրակության անդամի:

«Կլիմայի հարցով փոխհամաձայնություն դեռևս չի երևում: Անդամ երկրների միջև դեռևս լուրջ անհամաձայնություններ կան այդ հարցում»,- ասել է աղբյուրը լրատվամիջոցի թղթակցին:

Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ գլխավոր անհամաձայնություններից մեկը կապված է ատոմային էներգետիկայի հետ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս հարցում տարբեր դիրքորոշումներ ունեն: