Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին

17:58 • 13.12.19

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի
13-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել
Իոնեսկուին։Այս մասին տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը:

Հակոբ Արշակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ,
հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ, նշել, որ տպավորված է
բարձր տեխնոլոգիական ոլորտում Ռումինիայի ունեցած զարգացումներով։ Նախարարն
ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև գործակցության
մեծ հնարավորություններն ակնհայտ են, և հայկական կողմը բաց է և պատրաստակամ
համագործակցության համար։

Դեսպան Կորնել Իոնեսկուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության
համար, անդրադարձել է Ռումինիայում հայկական համայնքի դերին, նշել, որ
չնայած համեմատաբար փոքր թվաքանակին՝ այն բավական մեծ գործունեություն ունի
Ռումինիայի քաղաքական, գիտական ու մշակութային կյանքում, և բոլոր
ժամանակներում ռումինական իշխանությունները գնահատել և կարևոր
նշանակություն են տվել այնտեղ ապրող հայերին։ Դրա վառ ապացույցներից մեկն
այն է, որ Ռումինիայում գործում է հայագիտական ինստիտուտ, Բուխարեստի
կենտրոնում հայկական փողոց ու եկեղեցի կա։

Դեսպանը նշել է նաև, որ Ռումինիայում մեծ տեղ ու նշանակություն է տրվում
տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, և այս ուղղությամբ կարող են
համագործակցության արդյունավետ հեռանկարներ լինել։

Հակոբ Արշակյանը համառոտ ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն
ծրագրերը, որտեղ կան համագործակցության հնարավորություններ։ Մասնավորապես՝
անդրադարձել է տեխնոլոգիական ցուցահանդեսներում երկու երկրների
ընկերությունների մասնակցության կարևորությանը։ Նախարարը նշել է, որ
Հայաստանում տեխնոլոգիական կարևոր ցուցահանդեսներից են «Digitec EXPO»-ն և
«ArmHighTech EXPO»-ն, ներկայացրել է դրանց առանձնահատկությունները, և
հույս հայտնել, որ առաջիկայում իրենց տաղավարով դրանցում մասնակցություն
կունենան նաև ռումինական ընկերությունները։

Դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ անչափ կարևորում է երկու երկրների
միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը,
ապրանքաշրջանառության ծավալների ավելացումն ու համագործակցության
խորացումը։ Նա ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության
խորացման կարևորությունը, նշել, որ համագործակցության առաջարկները
կներկայացնի հնարավոր բոլոր գործընկերներին, շահագրգիռ կողմերին և իր
լիազորությունների շրջանակներում կնպաստի՝ երկու երկրների միջև բարձր
տեխնոլոգիաների ոլորտում հասնելու դրական արդյունքների։