Պաշտոնի նշանակելիս պետք է հիմք ընդունվեն անձի մասնագիտական որակները, ոչ թե քաղաքական թիմում լինելը. Տ. Խաչիկյանը՝ վարչապետի հայտարարության մասին, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը
Որակյալ և կառավարման արվեստի վրա հիմնված կառավարում ունենալու մոտեցումը պիտի պրոյեկտվի և տեղայնացվի կառավարման բոլոր օղակներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և նա ամեն ինչ անելու է այդ դիմադրությունը ջարդելու համար:
Որակյալ կառավարման համար, ըստ Խաչիկյանի, անհրաժեշտ է վերջ դնել հայեցողությամբ պաշտոններ նշանակելու քաղաքականությանը, որը ներառում է կոռուպցիոն բավական մեծ ռիսկեր:
«Ես կարծում եմ, որ մենք յուրաքանչյուր ոլորտում, ցանկացած ապարատում պիտի ունենանք իսկապես պրոֆեսիոնալներ, բայց նշանակումներում մասնագիտական հասունության մակարդակը բերվում է երկրորդ պլան, որն այսօրվա մեր խութերից մեկն է: Բոլոր դեպքերում, ցանկացած պաշտոնի նշանակելիս պետք է հիմք ընդունվի մարդու մասնագիտական, պրոֆեսիոնալ մակարդակը, ոչ թե քաղաքական թիմում լինել-չլինելը, ինչը դեռ 90-ականներից սկսած մեր երկրի զարգացման գլխավոր խոչընդոտն է»,-ասաց նախկին փոխնախարարը։
«Պետք է հասկանալ՝ նախարարը, փոխնախարարը, որ նշանակվում է պաշտոնին, իր կոնկրետ ո՞ր արժանիքի համար է նշանակվում, որ պարզապես թիմի ներկայացուցի՞չ է, որ որոշակի ծառայություննե՞ր է մատուցել, ի՞նչ է արել»,– ավելացրեց նա:
Հարցին՝ մեր կառավարությունն ինչպե՞ս է առաջնորդվել՝ նշանակումները կատարելիս, Խաչիկյանը նշեց, թե իր կարծիքով՝ ոլորտներ կան, որոնցում նշանակումներն իրականացվել են պրոֆեսիոնալ չափանիշով, իսկ ոլորտներ կան, որոնցում բացարձակապես հաշվի չի առնվել մասնագիտական պրոֆեսիոնալիզմը:
Խաչիկյանի կարծիքով՝ վարչապետի հայտարարությանը պետք է հաջորդի ֆիլտրումը: «Պետք է հասկանալ՝ յուրաքանչյուր նախարար, փոխնախարար հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ի՞նչ է արել, որ անմիջապես իր ջանքի արդյունք է: Եթե ներդրվեին պետական քաղաքական պաշտոնյաների գնահատման որոշակի չափանիշներ, կհասկանայինք՝ պաշտոնյաներից քանիսն են այդ չափորոշիչներին համապատասխանում»,-ասաց նա՝ նշելով, թե այդ չափանիշները միջազգային լավագույն փորձի կիրառմամբ են կարող ներդրվել:
Խաչիկյանի կարծիքով՝ երբ ձևավորվի հանրային հաշվետվողականության ինստիտուտ, կառավարման որակում կլինեն անհրաժեշտ փոփոխությունները:
«Ընդ որում՝ ինչպես նշանակման, այնպես էլ՝ ազատման պարագայում: Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջին շրջանում ազատվեցին պաշտոններից, բայց թե ինչով իրենք չեն համապատասխանել իրենց պաշտոններին, պարզ չդարձավ»,-ամփոփեց Տիգրան Խաչիկյանը:










