Մերկելը հայտնել է, որ ԵՄ առաջնորդներն ուրախ են Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքների կապակցությամբ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ երկրների առաջնորդները, որոնք ճանաչել են Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում, ուրախ են եղել դրանց արդյունքների կապակցությամբ: Այս մասին գրում է Express.co-ն։
«Անկեղծ ասած, մենք շատ ուրախ էինք, որ ընտրությունների արդյունքը հստակ էր: Մենք բոլորս ցավում ենք, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, բայց հիմա որոշակի վստահություն ունենք, որ այն համաձայնագիրը, որը մենք մշակել ենք, ուժի մեջ կմնա»,- Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլերը։
Կանցլերը հավելել է, որ դրական է համարում այն փաստը, որ վարչապետն այժմ ունի «հստակ մանդատ», որը թույլ կտա նրան բանակցություններ վարել եվրոպացի գործընկերների հետ: Մերկելը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիային և ԵՄ-ին կհաջողվի պահպանել լավ գործընկերային հարաբերությունները:
Մեծ Բրիտանիայում նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծ տարբերությամբ հաղթել է Պահպանողական կուսակցությունը: Պահպանողականները նպատակ ունեն Brexit-ն իրականացնել հունվարի 31-ին, լեյբորիստները ցանկանում են նոր հանրաքվե անցկացնել այդ հարցով:










