ԱՄՆ-ն միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը. Արարատ Միրզոյան

11:23 • 13.12.19

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, մինչ օրակարգին անցնելը, ԱԺ-ում անդրադարձ կատարեց ԱՄՆ Սենատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ ԱՄՆ-ն ճանաչեց և դատապարտեց 20–րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի, ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության, իրենց հայրենիքում մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրության կողմից»,-ասաց նա:

ԱԺ նախագահը երեք խմբակցության անունից ողջունեց ԱՄՆ Սենատի, ինչպես նաև դրանից առաջ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերների համապատասխանաբար թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ: Նա փաստեց, որ այդ կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացավ Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը:

Արարատ Միրզոյանը առանձին երախտիքի խոսքեր հղեց Ամերիկայում Հայ դատի գրասենյակին և ԱՄՆ-ում հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր տարիներ շարունակ ջանքեր չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար: «Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ուզում եմ ընդգծել նաև մեր հանձնառությունը ջանքեր չխնայել Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման համար»,-ասաց նա:

ԱԺ անդամները հոտնկայս ծափահարեցին բանաձևի ընդունման համար: