«Ննջեք խաղաղությամբ, իմ նախնիներ». Թինա Կանդելակին և Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել են ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, վրացական և հայկական արմատներով Թինա Կանդելակին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, հայտնում է rusarminfo.ru կայքը:
«Նշանակալի օր հայ ժողովրդի համար: Խաղաղությամբ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այդ ողբերգության մասին: Եվ ոչ մեկին մոռանալ չենք տա»,- Telegram-ի իր ալիքում գրել է նա:
Բանաձևի ընդունումը ողջունել է նաև RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Նա պատասխանել է «Караульный» Telegram-ալիքի խմբագրությանը, որը Սիմոնյանին և ամբողջ հայությանը շնորհավորել է այս իրադարձության կապակցությամբ:
«Իմ երախտագիտությունն ու այս հարյուր տարիների ընթացքում 1915 թվականի վայրագություններից տանջված իմ նախնիների արյունից զտված արցունքներն եմ ուղարկում ալիքի խմբագիրներին: Մենք հիշում ենք: Շնորհակալ եմ, որ դուք` նույնպես»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը` ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետև բանաձևը պետք է ներկայացվեր Սենատի քվեարկությանը: Օրեր անց, սակայն, ամերիկացի սենատորներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո վետո էր կիրառել բանաձևի քննարկման նկատմամբ:
Բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը:










