Թուրքմենստանում արգելել են կոռուպցիայի համար դատապարտվածներին ներում շնորհել

12:06 • 13.12.19

Թուրքմենստանի իշխանությունները որոշում են ընդունել կոռուպցիոն հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ ներում և համաներում չկիրառել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ անելուն ուղղված համապատասխան օրենքը ստորագրել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Օրենքը նախատեսում է Քր. օրենսգրքի 80-րդ հոդվածում այսպիսի լրացում անել. «Այն դատապարտյալների նկատմամբ, որոնք մեղավոր են ճանաչվել կոռուպցիայի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործությունների համար, ներում և համաներում չկիրառել»:

Թմրանյութերի առևտրով զբաղված անձանց նկատմամբ ներման և համաներման արգելքը Թուրքմենստանում ընդունվել է 2015 թվականին:

Նշված օրենքն ուժի մեջ է մտնում նրա հրապարակման օրվանից:

Թուրքմենստանում կոռուպցիոն հանցագործությունների համար դատապարտված են ներքին գործերի նախկին նախարար Իսգենդեր Մուլիքովը և պետական միգրացիոն ծառայության նախկին ղեկավար Մեյլիս Նոբաթովը:

Թուրքմենստանում ներումներ շնորհվում են տարվա մեջ 4-5 անգամ՝ պետական տոների և նշանավոր օրերի կապակցությամբ: