Պենտագոնը մանրամասներ է ներկայացրել միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումից
ԱՄՆ կողմից դեկտեմբերի 12-ին փորձարկված ցամաքային տեղակայման միջին հեռահարության բալիստիկ հրթիռն անցել է ավելի քան 500 կմ տարածություն: Այս մասին հայտնել են Պենտագոնի մամուլի ծառայությունից, գրում է Известия-ն:
Գերատեսչությունից հայտնել են, որ ոչ միջուկային բալիստիկ հրթիռի նախատիպն արձակվել է ԱՄՆ ՌՕ ուժերի Վանդենբերգ բազայից տեղի ժամանակով 08:30-ին:
Հրթիռը մոտ 500 կմ թռիչքից հետո ընկել է Խաղաղ օվկիանոսը:
Հաղորդվում է, որ հրթիռն իր արտաքին տեսքով նման է ամերիկյան, պինդ վառելիքով գործարկվող երկաստիճան Pershing II հրթիռին, որն արգելվել էր Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրով:
Սակայն, այս ամառ Վաշինգտոնը հայտնել էր 1987 թ.-ին ԽՍՀՄ-ի հետ հաստատած համաձայնագիրը չեղարկելու մասին: Համաձայնագիրը Մոսկվային և Վաշինգտոնին արգելում էր ստեղծել և արձակել ցամաքային տեղակայման, 500-ից 5000 կմ հեռահարության բալիստիկ և թևավոր հրթիռներ:










