Այն, ինչ ներկայացվել է երեկ, սուտ է և չի համապատասխանում իրականությանը․ Խաչատուր Սուքիասյանն արձագանքել է Ռուբեն Հայրապետյանին
Գործարար Խաչատուր Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որի ընթացքում վերջինս մեղադրանքներ էր հնչեցրել իր հասցեին։
«Անձը, ով երեկ երեկոյան հոխորտում էր, հայտնի է իր բազմաթիվ կեղծ մատնություններով, տեսակով զրպարտիչ է, խոսք տանող-բերող: Ամբողջ կյանքում զբաղվել է միայն այդ գործով: Նա ինչ-որ աստիճանի հասնելու համար միշտ «քցել է», ինչպես նաև քծնել է ժամանակի գլխավորին»,-գրել է Խաչատուր Սուքիասյանը:
Անդրադառնալով նախկինում իրեն, այժմ՝ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Բջնի» գործարանի մասին հայտարարություններին՝ Սուքիասյանը տեղեկացրել է, որ իր փաստաբաների և հաշվապահների թիմը մոտ ժամանակներս կներկայացնի գործարանի մասին բոլոր տեղեկությունները:
Հիշեցնենք, որ երեկ Ռուբեն Հայրապետյանը թվեր էր ներկայացրել և հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի օրոք ընկերությունը հարկեր կամ չի վճարել, կամ քիչ է վճարել, իսկ գործարանն անմխիթար վիճակում է գնել։
«Ինչ ծավալի արտադրանք է եղել, որքան է արտահանվել, որքան հարկեր են վճարվել և այլն: Այն ինչ ներկայացվել է երեկ, սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սուտ է նաև այն, որ ինձ հետ բանակցություններ են տարվել, որպեսզի գործարանը հետ վերադարձնեն: Ես չեմ կարող բանակցել մի ասպարեզում, որը դուրս է իրավական հարթությունից»,-գրել է նա:
Պատասխանելով Սերժ Սարգսյանի՝ լավ ընկեր չլինելու մասին իր հայտարարությանն ու դրան Ռուբեն Հայրապետյանի արձագանքին՝ Սուքիասյանը նշել է․ «Շարունակում եմ պնդել՝ Սերժ Սարգսյանը երբեք լավ ընկեր չի եղել: Բացեմ փակագծերը: Լավ ընկեր ասելով ես նկատի չեմ ունեցել ինձ, նա երբեք իմ ընկերը չի եղել»:










