Ֆիլիպինցի աղջիկը 3 ոսկե մեդալ է շահել՝ մրցավազքի մասնակցելով իր ինքնաշեն «մարզակոշիկներով»
Ֆիլիպինների 11-ամյա բնակչուհի Ռեա Բուլոսը լավ վազորդ է, սակայն մարզակոշիկ չի ունեցել մրցավազքին մասնակցելու համար: Ինչպես գրում է РИА Новости-ն, աղջկա ծնողները բավականին աղքատ են և մարզակոշիկ գնելու համար գումար չեն կարողացել հատկացնել:
Դա, սակայն, չի խանգարել Ռեային. նա գտել է ելքը ստեղծված իրավիճակից: Աղջիկը որոշել է ինքնուրույն կոշիկ պատրաստել համար: Նա ոտնաթաթի շուրջը սովորական բժկական կպչուն սպեղանի է փաթաթել:
Արդյունքում նա իր իսկ պատրաստած «ոտնամաններով» կարողացել է մասնակցել երեք մրցույթի և շրջանցել է բոլոր մրցակիցներին 500, 800 և 1500 մետր երկարությամբ մրցավազքերում:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ արտասովոր կոշիկներով փոքրիկ վազորդուհու լուսանկարն արագ տարածվել է համացանցում: Օգտատերերը հայտնել են իրենց հիացմունքը, իսկ ոմանք էլ առաջարկել են մարզակոշիկներ գնել և ֆինանսական աջակցություն ցուցաբերել նրան:











