Ղազախստանում մտածում են Ալմաթի քաղաքը կրկին Ալմա Աթա վերանվանելու մասին

23:32 • 15.12.19

Ղազախստանում մտադիր են Ալմաթի քաղաքը վերանվանել և վերականգնել քաղաքի նախկին՝ Ալմա Աթա անունը: Ինչպես փոխանցում է iz.ru-ն, այս միտքը քննարկման կներկայացվի, եթե պարզվի, որ քաղաքի բնակիչների մեծամասնությունն այդ մասին է մտածում:

Նման կարծիք է հայտնել երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի խորհրդական Երլան Կարինը՝ պատասխանելով ղազախ գրող և հասարակական գործիչ Օլժաս Սուլեյմանովին, որը հայտարարել էր, որ նախագահն իր հետ զրույցում կողմ է արտահայտվել այդ մտքին:

Խորհրդականն ընդգծել է, որ նման կարևորության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե փակ դռների հետևում, այլ հրապարակավ՝ հաշվի առնելով մեծամասնության կարծիքը: Քաղաքի վարչակազմի ղեկավարն, իր հերթին, հայտնել է, որ անվանափոխության հարց օրակարգում դեռևս չկա:

Քաղաքը հիմնադրվել է 1854 թվականին, 1921-ից կոչվել է Ալմա Աթա, իսկ 1993-ին` անվանափոխվել Ալմաթի: