Սա սպիտակ եղեռնի նման մի բան է. «Համահայկական ազգային համաձայնության» անդամը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին (տեսանյութ)
Լիդիանը Ջերմուկում անելիք չունի: Այս մասին այսօր Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների բաց քննարկմանն ասաց «Համահայկական ազգային համաձայնության» անդամ Աշոտ Աշոտյանը:
«Իրենք այստեղ անելիք չունեն, չեն էլ ունենալու, եթե շատ էլ ուզենան, չեն կարող ունենալ»,-ասաց նա և նշեց, որ ժողովուրդն իր որոշումը կայացրել է: «Հենց առաջին օրվանից ոտքը խփել է գետնին ու ասել` այս սարը մերն է, գործ չունեք: Այսինքն իր իրավունքը պաշտպանել է և պաշտպանելու է մինչև վերջ»,-ասաց նա:
Նա նշեց, որ սա միայն ջերմուկցիների խնդիրը չէ, սա հայության խնդիրն է: «Սա սպիտակ եղեռնի նման մի բան է. ունենք, չունենք, ջուր ունենք, դա էլ կպղտորի: Լիդիանը Ջերմուկ ոտք չի դնելու, սա մեր որոշումն է, սա ոչ միայն ջերմուկցիների որոշում է, այլ ողջ հայության որոշումն է: Ում ուզում են ուղարկեն, քանի անգամ ուզում են ուղարկեն, որոշումը կայացված է, և այն ի կատար պետք է ածվի»,-ասաց նա:










