«Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ընթացքում հավաքվել է մոտ 700 մլն դրամ (տեսանյութ, լուսանկար)
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 14-ի երեկոյան ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին: Գալա-ընթրիքին մասնակցել են մաեստրո Տիգրան Մանսուրյանը, աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմիի» կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, հասարակական և քաղաքական գործիչներ, գործարարներ:
Գալա-ընթրիքի ժամանակ տեղի է ունեցել աճուրդ և դրամահավաք: Աճուրդի են հանվել ամերիկացի վիրտուոզ կիթառահար Ալ Դի Մեոլայի ստորագրությամբ կիթառը, Շառլ Ազնավուրի երգերի հավաքածուն Նիկոլա Ազնավուրի ստորագրությամբ, «Կոմիտաս վարդապետ» կտավը, «Ավակեան Ժնև»-ի «Առաջին սեր» հավաքածուից ոսկյա մատանի և «Նուռ»-ի «Հովնաթանյան հավաքածու»-ից արծաթյա կրծքազարդ:
Ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով գալա-ընթրիքին, Աննա Հակոբյանը նշել է, որ ուրախ ու հպարտ է, որ գործունեության մեկուկես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր:
«Ուրախ ու հպարտ եմ, որ գործունեության մեկուկես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր», նշել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հիմնադրամի ներկայացրած ծրագրերի հանդեպ վստահության գրավականն է նաև գալա ընթրիքի ժամանակ իրականացված դրամահավաքի արդյունքները:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ երեկ հավաքվել է ավելի քան 700 միլիոն դրամ, որը մեր հիմնադրամի մեծ բարեկամ Քրիստին Սիմոնը խոստացել է կրկնպատակել: Այս գումարներն ուղղվելու են «Իմ քայլը» հիմնադրամի նպատակային ծրագրերի իրականացմանը: Շնորհակալ ենք Ձեր վստահության, գնահատանքի և ներկայության համար»,- իր խոսքում ընդգծել է վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյանը նշել է նաև, որ ընդամենը մոտ մեկուկես տարվա կյանք ունեցող հիմնադրամն այս ընթացքում 5 միլիոն դոլարի բյուջե է ունեցել:

Լուսանկարը՝ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան էջից:










