12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար 69-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

16:07 • 16.12.19

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 69-ամյա տղամարդու կողմից 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1950 թվականին,  շենքի առաջին հարկում գործող իր կոշիկի արհեստանոցում պահել է ընտանի կենդանիներ և  2018 թ. օգոստոս ամսին, կենդանիներին սիրելու պատրվակով, հյուրընկալել և անառակաբարո գործողություններ է կատարել 12 տարին չլրացած երկու երեխայի նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 69-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: