Թրամփի փաստաբանը հայտնել է Ջո Բայդենի որդու դեմ «ապացույցների» մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին կիրակի հայտարարել է, որ իրեն հաջողվել է վկաներ և փաստաթղթեր ձեռք բերել, որոնք ապացուցում են, որ դեմոկրատները ներկայիս պաշտոնանկության ընթացակարգով փորձում են թաքցնել ուկրաինական Burisma նավթագազային ընկերության կողմից օրենքի խախտումները և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու մասնակցությունը միլիոնավոր դոլարների լվացման գործում: Այս մասին Ռուդի Ջուլիանին հայտնել է Twitter-ում:
«Անմեղ վարքագծի համար դեմոկրատների սկսած պաշտոնանկության գործընթացը կոչված է խանգարելու Օբամայի (ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամա) պաշտոնավարության ընթացքում տեղի ունեցած կոռուպցիոն հետաքննությունը՝ միլիարդավոր ԱՄՆ դոլարի լվացում, միլիարդների ոչ նպատակային օգտագործում՝ առավելապես ԱՄՆ դոլարի, շորթում, կաշառք, Ուկրաինայի հետ Դեմոկրատական ազգային կոմիտեի դավադրություն՝ Թրամփի թեկնածուին ոչնչացնելու նպատակով»,- գրել է Ջուլիանին:
Նա նման հայտարարություններով է հանդես եկել Հունգարիա, Ավստրիա և Ուկրաինա կատարած այցի արդյունքների ամփոփման շրջանակում: Twitter-ում նա դրվագներով հրապարակել է ֆիլմ-հետաքննություն, որը նկարահանվել է այդ ուղևորության ժամանակ:
Ջուլիանին նկարագրում է 16 միլիոն դոլար գումարի շարժի սխեման ընկերությունների շղթայի միջոցով, որի վերջում 3 միլիոնը, ինչպես պնդում է իրավաբանը, հայտնվել է Հանթեր Բայդենի մոտ: Պաշտոնական նամակը, որը թվագրված է 2016 թվականի փետրվարին և որն Ուկրաինայի իշխանությունները, ըստ հաղորդման, ստացել են Լատվիայի դատախազությունից, ցույց է տալիս Բայդենի և Burisma-ի՝ փողերի լվացմանը հնարավոր մասնակցությունը: Փաստաթղթի պատճենը ցուցադրվում է տեսանյութերից մեկում:
Ականատեսներից մեկը՝ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոխինը, հաստատել է, որ հիշում է այդ փաստաթուղթը։ Շոխինն ազատվել է պաշտոնից, նրա խոսքով, անձամբ Ջո Բայդենի ճնշման տակ՝ հակակոռուպցիոն հետաքննության համար, որը նա վարում էր Burisma-ի դեմ: Հենց Շոխինի ցուցմունքներն են լինելու թիվ մեկ ապացույցը, ասվում է տեսանյութում:
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփի`Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հուլիսյան հեռախոսազրույցը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, և նա այդ մասին բողոք-դիմում է ուղարկել ղեկավարությանը: Ավելի վաղ հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրությունը, այնուհետև` նշված բողոքը: Հաստատվել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոխինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոխինը հետաքննություն էր իրականացնում Burisma Group-ի գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը: Ջո Բայդենը որոշել է մասնակցել 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:










