Այս հնարավոր օրենսդրական նախաձեռնությունը չպետք է ուղղված լինի կոնկրետ լրատվամիջոցներին լռեցնելուն. ԱԺ հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ աշխատանքային խումբ ստեղծելու հարցը

12:33 • 16.12.19

ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:

Հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խնդիրն ակտուալ է և կարևոր: «Այսօր, ցավոք սրտի, ատելության խոսքը վիրտուալ տիրույթից տեղափոխվել է նաև ռեալ կյանք. ի՞նչ մեթոդներով է հնարավոր այն կարգավորել: ԵԽԽՎ-ն երկու տարի է փորձում է սոցիալական մեդիայում ատելության խոսքի կարգավորման օրենսդրական ուղիներ փնտրել, որովհետև Եվրոպայում ևս այսօր դա լրջագույն խնդիր է»,- ասաց նա:

Հիմնական զեկուցող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ աշխատանքային խումբ է ստեղծվելու, որտեղ ընդգրկված են լինելու պատգամավորներ, սակայն սա լինելու է ավելի մեծ հարթակ, որտեղ ներգրավելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, անկախ փորձագետներին և կառավարության ներկայացուցիչներին՝ իրենց մոտեցումները ներկայացնելու նպատակով: «Կառավարությունն արդեն շրջանառության մեջ է դրել և, եթե չեմ սխալվում, խորհրդարան է ուղարկել բռնության կոչերի քրեականացման վերաբերյալ օրենքի նախագիծ, որը ևս կդառնա այս աշխատանքային խմբի քննարկման առարկա»,- ասաց նա և հավելեց, որ փորձել են ուսումնասիրել միջազգային փորձը, ՄԻԵԴ-ի որոշումները և կարծիքները ևս ուսումնասիրության առարկա են դառնալու:

«Նախատեսել ենք, որ աշխատանքային խումբը գործելու է վեց ամիս: Աշխատանքային խմբի անդամների թիվը կլինի 11»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ատելության խոսքը, բռնության կոչն այսօր ուղղակի մեր երկրի ամենալրջագույն մարտահրավերներից մեկն է: «Որպես նախկին լրագրող՝ ես լրջագույն մտահոգություն ունեմ, որ մենք որևէ կերպ չվնասենք Հայաստանում խոսքի ազատությանը, որ այդ աշխատանքային խումբը կամ ստեղծվող օրենսդրական նախաձեռնությունը չդառնա «դամոկլյան սուր» լրատվամիջոցների գլխին: Իմ միակ խնդիրն այն է, որ մենք կարևոր մարտահրավեր լուծելու համար Հայաստանում որևէ կերպ չվտանգենք խոսքի ազատությունը»,- ասաց նա:

Վերոնշյալին ի պատասխան Խանդանյանը նշեց, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և որոշ դրսևորումներ, որոնք թվում է, թե բխում եմ խոսքի ազատությունից, այնուամենայնիվ, կարող են հենց ինքնին վտանգել խոսքի ազատությունը: «Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ որևէ ասված խոսք, որը ինչ-որ մեկին դուր չգա, միանգամից չպետք է դիտարկել ատելության խոսք, և այդ մարդկանց չտանել, նստացնել, այլ պետք է սահմանվեն այն սկզբունքներն ու սահմանումները, թե ի՞նչը կարող է համարվել ատելության խոսք և դրանից ո՞ր մասը կարող է քրեական դաշտ տարվել»,- շեշտեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանն էլ համաձայնեց, որ խոսքի ազատությունը բացարձակ չէ. «Այո, որտեղ վերջանում է իր իրավունքը, սկսում է քո իրավունքը, բայց քանի որ, պարոն Խանդանյան, Դուք արդեն նշեցիք, որ աշխատանքային խումբը կտա բոլոր հարցերի պատասխանները... ինձ համար լուծում չունեն, օրինակ, ֆեյք օգտատերերը, որոնք այսօր ատելության, բռնության կոչերի հիմնական մունետիկներն են: Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ բազմաթիվ ֆեյք օգտատերեր այս կամ այն պետական գերատեսչության ուղղորդմամբ են գործում»,- ասաց պատգամավորը և հույս հայտնեց, որ այդ ամենը հնարավոր կլինի քննարկել աշխատանքային խմբում:

«Մամուլում հրապարակվում է, որ կա, այսպես կոչված, ՊՈԱԿ, որտեղից ուղղորդվում են կեղծ օգտատերերի հիմնական գրոհները բոլոր նրանց դեմ, որոնք հանդգնում են իշխանական կարծիքին հակառակ կարծիք հայտնել: Ես հույս ունեմ, որ աշխատանքային խումբը բոլոր այդ խնդիրները քննարկելու է, հրավիրելու ենք նաև այդ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին՝ հասկանալու համար իրենց հիմնական գործառույթը ո՞րն է, այդպե՞ս է, չէ՞, լինելու, որևէ սահամանփակում չենք ունենալու քննարկումների»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Սարգիս Խանդանյանն էլ հակադարձեց. «Ինձ թվում է՝ ձեր տեղեկատվությունը 1.5-2 տարվա է, այդ ՊՈԱԿ-ն իսկապես զբաղվում էր դրանով, հիմա ես շատ լավ եմ ծանոթ ՊՈԱԿ-ի աշխատանքներին, վստահեցնում եմ, որ այդպիսի գործունեություն չի ծավալում այն»,-- ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ նշեց, որ կարևոր նախաձեռնություն է: «Մենք այսօր գտնվում ենք այն մթնոլորտում, որ ատելության խոսքը ներսից կրծում է մեզ ու դա վտանգ է մեր երկրի ներսում, ներքաղաքական, նաև անձնական փոխհարաբերությունների, ինչպես նաև արտաքին դաշտում, որովհետև մենք կորցնում ենք մեր իմունիտետը՝ անընդհատ լինելով գաղջ մթնոլորտի տիրույթում: Մենք բոլորս տեսնում ենք այն ատելության միջավայրը, որը ձևավորված է և ունի հստակ ուղղորդում»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց՝ միշտ պայքարել է խոսքի ազատության համար. «Հիմա հանկարծ այնպես չլինի, որ մենք ատելության խոսքի անվան տակ սկսենք որոշ մարդկանց խմբագրել, կամ որոշ հոդվածներ խմբագրել, այսինքն՝ հոսանքի տակ չընկնի նաև իսկապես ազատ և փաստարկված խոսքը»,- հայտարարեց նա:

Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց Թագուհի Թովմասյանի հետ. «Իսկապես, մենք պետք է անընդհատ ֆիքսենք, որ այս հնարավոր օրենսդրական նախաձեռնությունն ուղղված չի լինելու կոնկրետ լրատվամիջոցներին լռեցնելուն»: