Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ և 1 վիրավոր. Shamshyan.com
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Նոր Արմավիր գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 մակնիշի 91 QQ 444 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի A 964 YA 777 RUS համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդներից մեկը տեղում մահացել է, իսկ մեկին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր-Նոր Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ- 2107» (վարորդ՝ Գարիկ Գ., ծնված 1976 թ.) և մեկ այլ «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Սերոբ Ա., ծնված 1946 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդ Սերոբ Ա.-ն տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գարիկ Գ.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:










