Հալեպում 7 տարի անց առաջին անգամ պատարագ է մատուցվել հայկական Քառասուն նահատակների վերականգնված եկեղեցում (տեսանյութ)

18:27 • 16.12.19

Վերջին 7 տարում առաջին անգամ պատարագ է մատուցվել Սիրիայի Հալեպ քաղաքում գտնվող հայկական Քառասուն նահատակների եկեղեցում, որը վերականգնվել է 4 տարի առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից ավերածությունների ենթարկվելուց հետո:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, կիրակի տեղի ունեցած պատարագի ժամանակ եկեղեցում օրհնել են ջուրը, նվագել է երգեհոնը, շարականներ են հնչել: Պատարագի ավարտին եկեղեցի այցելած հավատավորներին նշխար են բաժանել: 

«Մենք չափազանց երջանիկ ենք, որ մեզ վերադարձրել են մեր եկեղեցին: Այս տաճարը յուրահատուկ տեղ է զբաղեցնում մեր սրտերում: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունեցել, իրական երջանկություն է այստեղ բնակվող բոլոր մարդկանց համար»,- իր տպավորություններով կիսվել է Հալեպի բնակչուհի Լառան:

Մեկ այլ բնակչուհի՝ Թագուհի Սահակյանը, նշել է, որ այդ եկեղեցում ծառայել է իր ամուսինը, ինչպես նաև պսակադրվել են իր երեխաները:

ԻՊ-ի գրոհայինները Քառասուն նահատակների եկեղեցին ավերել էին 2015 թվականին: Նրանք ռումբ էին տեղադրել եկեղեցու տակ փորված ստորգետնյա թունելներում, ինչի հետևանքով ավերվել էր եկեղեցու շենքի 70 տոկոսը: Եկեղեցին նորից օծվել է այս տարվա մարտի 30-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսի կողմից: