Հանրայինին գովազդի իրավունք տալը բացասաբար կազդի մասնավոր հեռուստաընկերությունների վրա. Ժիրայր Դադասյան

19:24 • 16.12.19

Նախատեսվող փոփոխությունն անպայման բացասաբար կազդի մասնավոր հեռուստաընկերությունների աշխատանքի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին անդամ, Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը` անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված նախագծին, որով նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել:

Նա հիշեցրեց, որ 2013 թվականին որոշվեց, որ Հանրայինում չպետք է լինի գովազդ, ինչի արդյունքում հեռուստաընկերության բյուջեն կրկնապատկվեց, որպեսզի փակի այդ դեֆիցիտը, այսինքն՝ գումարի անհրաժեշտ չափը, որը գոյանում էր գովազդից:

«Չեմ կարող ասել, թե ինչն է իմաստը ներկայիս փոփոխության, որովհետև կարծեմ այն ժամանակվա ընդդիմությունը խիստ դեմ էր, որ հանրայինով գովազդ լինի, սակայն այսօր դրան հակառակ պրոցեսն է գնում, ինչը չեմ կարող բացատրել »,-ասաց նա:

Հարցին, թե ինչ է ստացվում, որ նախկինում ընդդիմությունը դեմ էր և հիմա գալով իշխանության, հակառակ գործընթացն է իրականացնում,  Ժիրայր Դադասյանն ասաց, որ չի կարող ասել, թե դա ինչ է նշանակում: «Չեմ կարող մեկնաբանել, թե ինչ նպատակով է դա արվում, սակայն այն ժամանակ հաղթական էր համարվում, և իսկապես այդպես էր, որ Հանրայինում գովազդն արգելվեց: Դրանից հետո Հանրայինի եթերը բավականին փոխվեց»,-ասաց նա:

Ժիրայր Դադասյանը նշեց, որ այն ժամանակ, երբ մասնավոր հեռուստատեսություններին նման հնարավորություն տրվեց, նաև հաշվի էր առնվում այն հանգամանքը, որ շատ լուրջ մրցակից է հայտնվել` ինտերնետային հեռուստաընկերության տեսքով: «Դա նաև աջակցություն էր մասնավոր հեռուստաընկերություններին, որ կարողանան մրցակցությանը դիմանալ: Ներկայումս, եթե փոփոխություն արվի, ապա դա անխոս կանդրադառնա մասնավորի վրա և ուղղակի իմաստը չեմ կարողանում հասկանալ, թե ինչու պետք է այդ փոփոխությունը արվի»,- ասաց նա:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին անդամը նշեց, որ այն ռեֆորմները, որոնք այն ժամանակ արվեցին, դրանք արվում էին նաև միջազգային կառույցների հետ խորհրդակցությունների, համագործակցության արդյունքում և դրական ազդեցություն ունեցան: Ըստ նրա` այդ ռեֆորմները պետք է շարունակվեն: