Էրդողանը, ի պատասխան Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, չի բացառել Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազաների փակումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, չի բացառվում, որ Թուրքիան կփակի իր տարածքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաները: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» լրատվականը:
«Թուրքիան անհրաժեշտության դեպքում կփակի ԱՄՆ-ի «Ինջիրլիք» և «Քուրեջիք» ռազմաբազաները: Ռազմաբազաների փակման որոշումը Թուրքիայի իրավասության սահմաններում է: Եթե անհրաժեշտ լինի, մենք կփակենք և՛ «Ինջիրլիքը», և՛ «Քուրեջիքը»,-նշել է թուրք առաջնորդը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը: Բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը:










