«Ֆորմուլա-1»-ի ժառանգորդուհու լոնդոնյան առանձնատնից գողացել են 50 մլն ֆունտ ստերլինգի թանկարժեք զարդեր
«Ֆորմուլա-1»-ի նախկին սեփականատիրոջ դստեր` Թամարա Էքլսթոունի` Լոնդոնում գտնվող առանձնատնից գողացել են 50 միլիոն ֆունտ ստերլինգի (մոտ 67 մլն դոլար) թանկարժեք զարդեր: Գողությունը կատարվել է ընդամենը 50 րոպեում` տանտիրուհու՝ սուրբծննդյան արձակուրդների մեկնելուց մի քանի ժամ անց, հայտնում է Daily Mail պարբերականը:
Էքլսթոուն ընտանիքը ցնցված է դեպքից, քանի որ 700 մլն ֆունտ արժողությամբ առանձնատունը գտնվում է Լոնդոնի ամենաբարձրակարգ փողոցներից մեկում և շուրջօրյա հսկողության տակ է:
Ոստիկանության վարկածի համաձայն` երեք գողեր տուն են ներթափանցել պարսպի վրայով, այնուհետև բացել են չհրկիզվող պահարանն ու արագորեն զարդերը հափշտակելուն պես հեռացել դեպքի վայրից:
Տնից անհետացել են աշխարհահռչակ բրենդների զարդեր, հեղինակային աշխատանքներ՝ այդ թվում Cartier բրենդի 80 000 ֆունտ արժողությամբ ականջօղերն ու ապարանջանը, որը կինը որպես հարսանեկան նվեր էր ստացել:
Ծառայության մեջ գտնվող միակ աշխատակիցն ավազակներին նկատել ու ահազանգել է միայն այն ժամանակ, երբ գողերն արդեն բարձրացել էին ցանկապատի վրա՝ հանցագործության վայրը լքելու նպատակով:
Աղբյուրը հանցագործությունն անվանել է «նորագույն պատմության ամենաշոկային կողոպուտը», քանի որ այն տեղի է ունեցել Լոնդոնի ամենաապահով տներից և ամենաապահով փողոցներից մեկում:
Նրանց հարևանների թվում են արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը, Բրունեյի սուլթանը, ինչպես նաև Չինաստանի ամենահարուստ մարդը ՝ Վան Ցզյանլինը: Փողոցը մշտապես հսկվում է:















