Հնդկաստանում մահմեդական ուսանողների և ոստիկանների միջև բախումների հետևանքով առնվազն 60 մարդ է տուժել (լուսանկարներ)
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում իրավապահների և ուսանողների միջև լույս երկուշաբթի տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորում է ստացել մոտ 60 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ, գրում է Hindustan Times պարբերականը:
Տեղեկությունների համաձայն՝ Ջամիա Միլիա Իսլամիա համալսարանը, որտեղ հիմնականում մահմեդական ուսանողներ են սովորում, դարձել է քաղաքում տիրող անկարգությունների էպիկենտրոնը: Անցած երեք օրերի ընթացքում այս հաստատությունում քաղաքացիության վերաբերյալ օրենքում փոփոխություններ մտցնելու դեմ խաղաղ ցույցեր են անցկացվել:
Անցած շաբաթվա վերջին պաշտոնապես ուժի մեջ մտած սկանդալային փոփոխությունները նախատեսում են Աֆղանստանի, Պակիստանի և Բանգլադեշի ոչ մահմեդական քաղաքացիներին իրենց երկրում ոտնձգությունների ենթարկվելու դեպքում առավել հեշտությամբ Հնդկաստանի քաղաքացիության ստացում:
Օրենքն առաջացրել է հնդիկ մահմեդականների դժգոհությունը, որոնք կարծում են, որ փոփոխությունները խախտում են Սահմանադրությունը, քանի որ այն պաշտոնապես աշխարհիկ երկրում կրոնական հողի վրա ճնշում է որոշ քաղաքացիների: Հարցի շուրջ իրենց վրդովմունքն են հայտնել նաև երկրի հյուսիսարևելյան նահանգների բնակիչները, որոնք մտավախություն ունեն, որ Բանգլադեշից միլիոնավոր մարդիկ կարող են օրինական կարգով հաստատվել իրենց շրջաններում: Սա, ըստ բողոքի ակցիաների կազմակերպիչների, սպառնում է տեղի բնակչության շահերին:
Տեղեկությունների համաձայն՝ կիրակի երեկոյան Նյու Դելիում մահմեդական ուսանողները սկսել են քարեր նետել տների վրա, հրկիզել տրանսպորտային միջոցները, փակել ճանապարհները և իրենց դասընկերներին հորդորել մասնակցել ոստիկանների հետ բախումներին:
Իր հերթին, ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ռետինե մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել, ուսանողական ճամբարում գիշերային ժամերին ձերբակալել մոտ հարյուր մարդու, որոնցից շատերն արդեն ազատ են արձակվել:
Անկայուն իրավիճակի պատճառով երկուշաբթի Նյու Դելիի հարավային թաղամասերի բոլոր ուսումնական հաստատությունները փակ կմնան: Քաղաքի այս հատվածում ոստիկանության և բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղակայված:















