Իսրայելական Յաֆֆա քաղաքում վառվել են սուրբծննդյան տոնածառի լույսերը

12:39 • 16.12.19

Իսրայելական Յաֆֆա քաղաքում տեղադրել են 15 մետրանոց տոնածառ, որի լույսերը վառվել են դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Սուրբծննդյան տոնածառեր Իսրայելի ոչ բոլոր քաղաքներում կարելի է հանդիպել. դրանց տեղադրումը հակասություններ է առաջացնում հասարակության շրջանում, քանի որ մարդիկ չեն ցանկանում փողոցներում քրիստոնեական խորհրդանիշներ տեսնել: Միևնույն ժամանակ, նախկին ԽՍՀՄ երկրներից հայրենիք վերադարձած մարդիկ փորձում են պաշտպանել տոնածառ ունենալու իրենց իրավունքը՝ որպես Նոր տարվա, ոչ թե Սուրբ Ծննդյան խորհրդանիշ: Նրանց պահանջը նույնպես բացասաբար է ընդունվում, որովհետև հրեաները նշում են իրենց Նոր տարին՝ Ռոշ Հաշանան:

Սակայն կան նաև «քաղաք-բացառություններ», որոնք ունեն խառը բնակչություն և համաձայնություն են հայտնում տոնածառ տեղադրելու որոշումներին: Այդ քաղաքներից մեկն էլ Յաֆֆան է, որտեղ կան հրեական և արաբական թաղամասեր, քաղաքի փողոցներում կարելի է տեսնել սինագոգներ, մզկիթներ, եկեղեցիներ և մենաստաններ:

Դեկտեմբերի 15-ին Յաֆֆայում Ժամացույցի աշտարակի մոտ հանդիսավոր կերպով վառվել են տոնածառի լույսերը: Այնտեղ է հավաքվել քաղաքի բնակչությունը, փոքրիկները լուսանկարվել են Սանտա Կլաուսի հետ, մեծահասակներն էլ պարել են անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն հնչող տոնական երգերի ներքո:

Տոնածառի լույսերը կվառվեն ամեն երեկո՝ մինչև հունվարի 19-ը: