Դատարանի նկատմամբ անհարգալից արտահայտություններ արվեցին նիստի ընթացքում, իսկ նիստը նախագահողը նույնիսկ չընդհատեց դրանք. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստին, ասաց, որ նիստի ընթացքում դատարանի, ընդհանուր դատական իշխանության նկատմամբ բավականին անհարգալից արտահայտություններ արվեցին, սակայն նիստը նախագահողը նույնիսկ չընդհատեց դրանք:
«Մենք նման արտահայտություններ չենք անում, արդարադատության որակի վերաբերյալ մենք մեր խնդիրները բարձրաձայնում ենք, բայց վիրավորական արտահայտություն նման ձևով երբևէ չի եղել»,-ասաց նա:
Արամ Վարդևանյանը նշեց, որ դատավորի հետ փոխկապակցված անձինք պարտավոր են քաղաքական չեզոքություն ցուցաբերել: Նա ասաց, որ եթե դատավորների գործողությունները որևէ խմբի համար ակնհայտ դուրեկան են, ապա դա պետք է դատավորի համար մտահոգիչ լինի:
Ինչ վերաբերում է դատավոր Լուսինե Աբգարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները մերժելուն, ապա Արամ Վարդևանյանն ասաց.«Վերջին շրջանում կայուն պրակտիկա է ձևավորվում, որ եթե դատախազները միջնորդություններ են ներկայացնում, դրանք բավարարվում են, իսկ երբ պաշտպանական կողմն է ներկայացնում, դրանք մերժվում են»:
Հիշեցնենք, որն վերաքննիչ քրեական դատարանում՝ Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Վերաքննիչ քրեական դատարանի նիստը, որի ժամանակ քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման վերաբերյալ:










