Ընդդիմադիր դիրքերը չեն թուլանա. Անի Խաչատրյանը՝ Դավիթ Խաժակյանի` խմբակցությունից հեռանալու հավանականության մասին
Առանձնապես մեկնաբանելու բան, ասելիք չունենք, քանի որ դա «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկուսակցական խնդիրն է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանն առ այն, որ քննարկում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանի հետկանչի հարցը։
Անի Խաչատրյանը նշեց, որ երեկ ավագանու նիստ են ունեցել, որից հետո բոլորը խմբակցությունից բաժանվել են՝ գոհ ելույթներից ու վարքագծից: «Նորմալ է, որ խմբակցությունում կարող ենք ունենալ տարաձայնություններ, բայց ի տարբերություն իշխող խմբակցության, «Լույս» խմբակցությունն ունենում է միակարծիք որոշումներ: Մենք այսօր չենք ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ քննարկում, և ես նպատակահարմար էլ չեմ գտնում ունենալ այդպիսի քննարկում, քանի որ մենք «Լույս» խմբակցությունում ենք, և այդ շրջանակներում կարող ենք քննարկում ունենալ»,-ասաց նա:
Հարցին, թե համարում են, որ Դավիթ Խաժակյանի բացահայտումները ստվերե՞լ են իրենց ելույթները, Անի Խաչատրյանը նշեց.«Իսկ Դավիթ Խաժակյանը, Էդմոն Մարուքյանը համարո՞ւմ են, որ իրենց ելույթները ստվերում են մեր գործունեությունը. եթե Դավիթ Խաժակյանը համարում է, որ իր ելույթները ստվերում են մեր գործունեությունը, ուրեմն մեր ելույթները ստվերում են իրենց գործունեությունը»,-ասաց նա: Նա նշեց, որ իրենց գործունեությունը քաղաքական չէ, քաղաքային խնդիրների շուրջ է:
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ «Լույս» խմբակցությունում բազմաթիվ ներխմբակցային քննարկումներ միշտ եղել են և բոլորը կիսել են պատասխանատվություն խմբակցության գործունեության համար: ««Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունը մեզ համար ևս անակնկալ է եղել, և մեզ թույլ էլ չենք տալիս խառնվելու իրենց ներկուսակցական գործերին, դա իրենց որոշելիքն է: Մենք բարեկամաբար ենք մոտենում պարոն Մարուքյանին և իր կուսակցությանը, գործընկերային ենք ընդունում, և պարոն Խաժակյանին հատկապես: Քաղաքապետի պահվածքը ծայրահեղ էմոցիոնալ էր, ինչը բորբոքեց այդ թվում իմ և մեր խմբակցության տեսակետները, բայց դա ընդամենն աշխատանքային պրոցես է»,-ասաց նա:
Թեհմինա Վարդանյանը համաձայնեց, որ գուցե իր քննադատությունները սուր են, սակայն նշեց, որ անձնական հարթություն չկա: Հարցին՝ եթե Խաժակյանը դուրս գա խմբակցությունից, դա կորուստ համարելո՞ւ են, Թեհմինա Վարդանյանը նշեց. «Այո, կորելու է մեր շատ թանկագին գործընկերը. շուրջ 3 տարի աշխատում ենք, և դա կարող է մեզ համար ցավալի լինել»:
Անի Խաչատրյանն ամեն դեպքում նշեց, որ ընդդիմադիր դիրքերը չեն թուլանա. «Իհարկե չի թուլանա, մենք շարունակում ենք մեր գործունեությունը նենց, ոնց եղել է».-ասաց նա:










