«Ես նրանցից կհրաժարվեի». Ռոբերտ դե Նիրոն՝ Թրամփի երեխաների մասին
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն երկուշաբթի The View հաղորդման ժամանակ հայտնել է, որ եթե իր երեխաներն իրենց դրսևորեին այնպես, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեխաները, նա «կհրաժարվեր նրանցից», գրում է Fox News-ը:
Հաղորդավարի հարցին, թե ինչ է կարծում Թրամփի երեխաների վարքագծի մասին, որոնք իրենց դրսևորում են ինչպես «հանցագործներ»՝ չհստակեցնելով, թե ինչու է նրանց այդպես անվանում, դերասանը պատասխանել է. «Չեմ ցանկանա, որ երեխաներս ինձ սխալ հասկանան, բայց եթե նրանք իրենց պահեին այնպես, ինչպես Թրամփի երեխաները, ես կխզեի նրանց հետ իմ կապերը: Ես կհրաժարվեի նրանցից»:
Ռոբերտ դե Նիրոն հավելել է, որ ինքը երբևէ նման իրավիճակում չէր հայտնվի, քանի որ իր երեխաները նման արարքներ թույլ չէին տա:
Դե Նիրոն առաջին անգամը չէ, որ քննադատում է Թրամփին: 2018թ. դեկտեմբերին նա հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի գործողություններն ընկալում է որպես «գիշերային մղձավանջ, որն անհնար է մոռանալ»: Մեկ այլ առիթով դերասանը Թրամփին «ծաղրածու» էր անվանել, «որը ղեկավարելու է երկիրը»:
Ի պատասխան Դե Նիրոյի խոսքերի՝ Թրամփը հայտարարել էր, որ դերասանն ունի ցածր IQ, և ենթադրել էր, որ նկարահանումների ընթացքում նա գլխին բազմաթիվ հարվածներ է ստացել:
«Ռոբերտ դե Նիրոն՝ ցածր IQ-ով անհատականությունը, ֆիլմերում բազմաթիվ հարվածներ է ստացել գլխին»,- Twitter-ում գրել էր Թրամփը:










