Գողության փորձ՝ Սարյան փողոցի նորաձևության սրահից. հարուցվել է քրգործ (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, նորաձևության սրահ ապօրինի մուտք գործելու և առերևույթ գողության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Նախնական տվյալներով` 2019թ. նոյեմբերի 2-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Սարյան փողոցի նորաձևության սրահի մենեջերը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, փորձել են մուտք գործել վերոնշյալ հասցեում գործող ներաձևության սրահ մուտքի դռան փականը վնասելու միջոցով, սակայն մուտք գործել չի հաջողվել և հանցանքն ավարտին հասցնել ևս չի հաջողվել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Նախաքննության ընթացքում ստացվել են նորաձևության սրահին հարակից անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած երեք անձինք:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեն հորդորում է նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:










