Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը դատապարտվել է մահապատժի

11:45 • 17.12.19

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը դատապարտվել է մահապատժի՝ պետական դավաճանության մեղադրանքով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Պակիստանի պատմության մեջ առաջին անգամ 3 հոգուց բաղկացած հատուկ դատական խորհուրդը դատապարտել է Պակիստանի նախկին նախագահին մահապատժի՝ երկրի սահմանադրության 6-րդ հոդվածի հիման վրա: Օրենքի համաձայն՝ «ցանկացած ոք, ով խախտում է Սահմանադրությունն ուժի կիրառմամբ կամ ուժ ցուցադրելով», մեղավոր է պետական դավաճանության համար: Երեք դատավորներից երկուսը քվեարկել են բարձրագույն պատիժ տալու օգտին:

Նախկին նախագահը մեղադրվում է 2007 թվականին կատարած պետական դավաճանության համար, երբ երկրում հայտարարել էր արտակարգ դրություն և հրամայել էր ձերբակալել Գերագույն դատարանի դատավորներին: Պակիստանում պետական դավաճանության համար պատժվում են մահապատժով կամ ցմահ բանտարկությամբ: Մուշարաֆի դեմ քրեական գործը հարուցվել էր 2013 թվականին՝ այն ժամանակվա իշխանությունների կողմից:

Ռազմական, քաղաքական և պետական գործիչ Մուշարաֆը Պակիստանում իշխանության է եկել 1999 թվականին՝ պետական հեղաշրջման արդյունքում: