Թուրքիան հատուկ ջոկատներ է ուղարկել Լիբիա՝ ի պաշտպանություն այդ երկրի կառավարության
Թուրքիան, հաջակցություն Լիբիայի ազգային համաձայնության կառավարության, Տրիպոլի է ուղարկել հատուկ ջոկատներ, ռազմական խորհրդականներ և ռազմական տեխնիկա: Այս մասին տեղեկացնում է tr.sputniknews.com կայքը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, այդ թվում՝ այնտեղ ուղարկել իր զինվորականներին, միևնույն ժամանակ Անկարան չի ընդունում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին որպես օրինական ղեկավար:
Տեղեկությունների համաձայն՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ինքն է օգնություն խնդրել Թուրքիայից:
Օրեր առաջ լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի համար «վճռական մարտի» մասին: Հաֆթարի հայտարարությունից հետո բանակը սկսել էր ակտիվորեն հարձակումներ գործել Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ կազմավորումների վրա, հետ էր մղել հակառակորդի դիրքերը երկրի գլխավոր քաղաքի ծայրամասերում և մտել էր Տրիպոլի:
Հաֆթարն ապրիլից սկսած հարձակումներ է կազմակերպում մայրաքաղաքի ուղղությամբ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ գործողությունների մի քանի ամսում արդեն մահացել է 1000-ից ավելի մարդ:
Երկրում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:










