Անտոնիու Գուտերեշը կոչ է արել միջազգային հանրությանն ընդլայնել փախստականներին և նրանց հյուրընկալող երկրներին տրամադրվող օգնությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ժնևում կայացած փախստականների հարցով գլոբալ համաժողովի ընթացքում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ընդլայնի փախստականներին և նրանց հյուրընկալող երկրներին տրամադրվող օգնությունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հիմա ավելի, քան երբևէ, հարկավոր են միջազգային համագործակցություն և գործնական, արդյունավետ պատասխաններ (փախստականներին և նրանց հյուրընկալող համայնքներին վերաբերող հարցերի)»,- նշել է նա:
Ըստ գլխավոր քարտուղարի` աշխարհը պետք է շնորհակալություն հայտնի փախստականների մեծ խմբեր ընդունող երկրներին, սակայն «շնորհակալությունը բավարար չէ, և ներկայում անկայունության պայմաններում միջազգային հանրությունը պետք է ավելին անի» նրանց աջակցելու համար: Խոսքն ինչպես ֆինանսական աջակցության, այնպես էլ տնտեսական զարգացման ծրագրերին աջակցելու մասին է:
Գուտերեշը հիշեցրել է, որ այժմ աշխարհում ավելի քան 70 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը, նրանցից ավելի քան 25 միլիոնն իրենց երկրի սահմաններից դուրս է ապաստան գտել:
«Այն դեպքում, երբ ապաստան գտնելու իրավունքը ոտնահարվում է, երբ փախստականների համար այդքան շատ դռներ են փակ, երբ այդքան փախստական երեխաներ են կալանքի տակ առնվում և բաժանվում իրենց ընտանիքներից, մենք պետք է հաստատենք փախստականների մարդու իրավունքները»,- ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը՝ կոչ անելով զբաղվել այն հիմնական խնդիրներով, որոնք մարդկանց ստիպում են լքել իրենց հայրենիքը:
Փախստականների գլոբալ անդրանիկ ֆորումին (դեկտեմբերի 16-18-ը) մասնակցում են համաշխարհային կազմակերպության անդամ երկրների, միջազգային կառույցների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև փախստականներ և քաղաքացիություն չունեցող անձինք:










