Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Honda-ն, կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com

13:16 • 18.12.19

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 TD 558 համարանիշի և Honda մակնիշի TT 3198 տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը ազգությամբ ղազախ է:

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 12:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածի 20-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ուլան Է., Ղազախստանի Հանրապետության քաղաքացի) և «Opel Astra G» (վարորդ՝ Վանիկ Մ., ծնված 1968 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռուսլան Ջ.-ն (ծնված 1990 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: