«Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, մասնակցության հայտ չի գրանցվել․ Նարեկ Բաբայան
ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի՝ այսօր նախատեսված աճուրդը չի կայանա։
«Այսօր նախատեսված Գոլդեն Փելիս հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ 18:00) հայտ չի գրանցվել։ Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-գրել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը։
Այն պատկանում էր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին:
Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։










