ՌԴ-ում անվանափոխությունից հետո հոգեբուժարան՝ բուժզննման ուղարկված երիտասարդը հետազոտություն է անցել
ՌԴ Ուրալի շրջանի բնակիչը, որը փոխել էր անուն-ազգանունը՝ դառնալով Զինգրքույկ Զորակոչ Չկա (Билет Призыва Нет), բուժզննում է անցել հոգեբուժարանում՝ կապված նման անվանափոխության հետ:
Ինչպես հայտնում է life.ru-ն՝ այս մասին սոցցանցում տեղեկացրել է ինքը երիտասարդը, որը նախկինում ևս մեկ անգամ անվանափոխություն էր արել՝ Ռոման Գրոշևից դառնալով Պելմեն Կոնդոլսկի:
Երիտասարդը նշել է, որ զրուցել է բժշկի հետ և 500 հարցի թեստ անցել, որի արդյունքում հոգեբանը եզրակացրել է, որ Զինգրքույկը բացարձակ առողջ է: Բժշկի եզրակացության մեջ ասվում է, որ վերջինս հեշտությամբ զրույցի է բռնվում, հստակ պատասխանում է հարցերին, պատրաստակամությամբ կատարում է հանձնարարությունները:
Հիշեցնենք, որ Գրոշևը, որն անվանափոխվել է, որպեսզի խուսափի զինվորական ծառայությունից, այնուամենայնիվ ծանուցում էր ստացել՝ ներկայանալու զինվորական հաշվառման և զորակոչի գրասենյակ: Երբ նա հրաժարվել էր ներկայանալ՝ պատճառաբանելով, որ իր անունը Ռոման Գրոշև չէ, նրան ուղարկել էին հետազոտվելու:










