Բիթլիսի 46 գյուղում պարետային ժամ է հայտարարվել
Թուրքիայի Բիթլիսի նահանգի 46 գյուղում պարետային ժամ է հայտարարվել, արգելվել է փողոց դուրս գալ: Այս մասին տեղեկացնում է demokrathaber.org կայքը:
Բիթլիսի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նշված վայրերում «անջատողական ահաբեկչական կազմակերպության» անդամների ու նրանց թաքստոցների առկայության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա անցկացվելու են հատուկ գործողություններ:
«Անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամներին ձերբակալելու, ժողովրդի կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 6:00-ից սկսած մինչև հաջորդ հրամանի արձակումը հայտարարվում է պարետային ժամ»,-ասվում է հայտարարության մեջ:
Պարետային ժամ է հայտարարվել Այրանջըլար, Ալանիչի, Նարլըդերե, Աղաչփընար, Յեշիլսըրթ, Ջումհուրիյեթ, Աբաջըլար, Սարըքոնաք, Չալըդյուզու, Իչգեչիթ, Աքչալը, Յուքարը Օլեք, Աշաղը Օլեք, Ըլըջաք, Քալուփաթ, Ուչեվլեր, Քարաքուշ և այլ գյուղերում:










