Ինչո՞ւ է պաշտոնից ազատվել Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետը. Դավիթ Խաժակյանի նոր բացահայտումը (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանի պաշտոնանկությունը կապված է նրա հետ, որ վերջինս միջամտել է քաղաքապետարանի հայտարարած աղբամանների գնման մրցույթին՝ հօգուտ իր քրոջ որդու: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Արարատ Խաչիկյանի պաշտոնանկությանը:
Նա ընդգծել է, որ միայն աշխատանքից ազատելով նմանատիպ ռիսկերը չեն վերանում և անհրաժեշտ է լրացուցիչ բացատրություններ ներկայացնել:
«Երբ վարչապետն ասում է՝ պետական համակարգն ինչ–որ չափով խոչընդոտում է հեղափոխությանը, էսօրվա դեպքից հետո մտածում էի՝ ախր այ ժողովուրդ ջան, Խաչիկյանը նոր նշանակված վարչության պետ էր, ընդհանրապես ոչ քաղաքապետարանից մարդ: Ես տարակուսած եմ, մտածում եմ՝ ինչքան մրցույթ լինի, պայմանագրերը հանեմ-նայեմ, գուցե էլի ասոցացված մարդիկ լինեն»,-նշել է նա:
Դավիթ Խաժակյանը հիշեցրել է նաև գնման ընթացակարգի վերաբերյալ 168.am-ի հրապարակումը և բուն գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:
«Այս տարվա մայիսի 29-ին քաղաքապետրանում կայացել է գնման հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր կոմունալ վարչության պետը՝ Արարատ Խաչիկյանը և պարզվել է, որ մասնակիցը, որը հաղթել է այդ տենդերը, հանդիսանում է պարոն Խաչիկյանի հարազատ քրոջ հարազատ որդին: 180 մլն դրամ արժողությամբ տենդերը նա հաղթել է՝ «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ի միջոցով»,- նշել է նա:
Ավագանու անդամը նաև ասել է, որ գործընթացը զավեշտալի շարունակություն է ունեցել: «Իմ ձեռքի տակ թուղթն է, որով սեպտեմբերի 25-ին պարոն Խաչիկյանը ստորագրել է հայտարարության շահերի բախման բացակայության մասին»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։










