Հոնկոնգում չեղարկել են ամանորյա ավանդական հրավառությունը` զանգվածային անկարգությունների մտավախությունից դրդված (տեսանյութ)

10:52 • 18.12.19

Հոնկոնգի իշխանությունները ոստիկանության խորհրդով որոշել են չեղարկել Ամանորի գիշերը Վիկտորիա նավահանգստում տեղի ունեցող հրավառությունը: Որոշումը կայացվել է` ելնելով նոր բողոքի ցույցերի և անկարգությունների մտավախությունից, գրում է South China Morning Post-ը:

«Հանրային անվտանգությունը մեզ համար առաջնային է, քանի որ նեղուցի երկու կողմում հանդիսատեսների մեծ բազմություն է հավաքվում հրավառությունը դիտելու»,- նշել է կառավարության զբոսաշրջության վարչության պետ Պան Յուկայը:

Բեռնատար նավերի վրայից միաժամանակ արձակվող մասշտաբային հրավառության փոխարեն կարող են մի շարք երկնաքերերի տանիքներից առանձին հրավառություններ լինել:

Վերջին ամիսներին ցույցերի մտավախության պատճառով Հոնկոնգում չեղարկվել են մի շարք հասարակական միջոցառումներ, այդ թվում՝ Clockenflap երաժշտական փառատոնը, հեծանվասպորտի, գոլֆի և թենիսի միջազգային առաջնությունները, ինչպես նաև գինու և խորտիկների փառատոնը:

Ամռան սկզբին Հոնկոնգում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր ՝ ընդդեմ տեղական իշխանությունների ՝ արտահանձնման մասին օրինագիծ ընդունելու մտադրության, որը թույլ կտար իրավախախտներին արտահանձնել մայրցամաքային Չինաստանին: Չնայած այս օրենսդրական նախաձեռնության հետկանչին` երիտասարդ ընդդիմության կողմնակիցները շարունակել են հակակառավարական բողոքի ցույցերը:

Դրանք պարբերաբար ուղեկցվել են ճանապարների արգելափակումներով, բռնությամբ, հրկիզմամբ և վանդալիզմի գործողություններով: Սակայն վերջին ամսվա ընթացքում քաղաքում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, ցույցերը հանդարտվել են և սկսել են ընթանալ խաղաղ ճանապարհով: