«Սև հունվարի» ժամանակահատվածում Ադրբեջանը կարող է դիմել ցանկացած հարձակողական գործողության. ռազմական փորձագետ
Արցախի և Հայաստանի սահմանին «սև հունվարի» ժամանակահատվածում Ադրբեջանը կարող է դիմել ցանկացած հարձակողական գործողության, սակայն պատերազմ սկսելու համար անհրաժեշտ կլինի աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ոչ միայն համաձայնությունը, այլև օգնությունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված «սև հունվարի» (1990թ-ի հունվարի 20-ի՝ դեպքերի 30-ամյակի միջոցառումների ծրագիր) շրջանակում արվող միջոցառումների ծրագրին և հարցին արդյոք դրա շրջանակում հարձակողական գործողությունների պետք է սպասել: Ըստ նրա՝ հունվարի միջոցառումները նշելը Ադրբեջանի մոտ թե՛ արտաքին, և թե՛ ներքին սպառման նպատակ ունի:
«Ներքին սպառման տեսանկյունից իրենք ցույց են տալու, որ իրենց ժողովուրդը «անկախության» համար կռիվ տվեց և սովետական զորքերն Ադրբեջանի խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառեցին, բայց չմոռանանք, որ այդ նույն 1988-1989 թթ. էդ նույն «խաղաղ ցուցարարներն» իրականում իրականցրին Սումգայիթի և Բաքվի ջարդերը, որոնք մեծ հաշվով ցեղասպանության էլեմենտ են կրում: Միջոցառումներով փորձելու են ինֆորմացիոն դաշտում ծածկել հայ բնակչության նկատմամբ արված վայրագությունները»,-մանրամասնեց նա:
Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ այդ միջոցառումներով փորձելու են նաև բարձրացնել բանակի բարոյահոգեբանական վիճակը:
Հայկ Նահապետյանը նշեց՝ հաշվի առնելով բանակցություններում առկա վիճակը և Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, մեծանում է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը:
«Բանակցությունները մտահոգիչ են, Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների, հիմա էլ մենք ասում ենք՝ դեմ չենք, որ «Ղարաբաղի ադրբեջանական» համայնքը մասնակցի բանակցություններին: Իհարկե, լայնամասշտաբ գործողություններով ռազմական խնդիր Ադրբեջանը չի լուծի, բայց որպես գործիք կօգտագործի՝ դիրքերը բանակցություններում ամրապնդելու համար: Նա պատերազմի շանտաժ է իրականացնում»,-նշեց պահեստազորի գնդապետը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ երեկ երեկոյան կրակ բացելուն, ապա ռազմական փորձագետի խոսքով՝ իրենք այդ ուղղությամբ իշխող բարձունքներ ունեն և օգտվում են դրանից, բայց կրկին ռազմական խնդիր չեն լուծում՝ փորձում են հայկական կողմին ներքաշել ակտիվ գործողությունների մեջ, որպեսզի զոհեր և վիրավորներ ունենալու դեպքում հայկական կողմին փորձեն ագրեսոր ներկայացնել:










